Վիքին սիրում է հուշարձաններ (Wiki Loves Monuments), ամենամյա միջազգային լուսանկարչական մրցույթ, որն անցկացվում է սեպտեմբեր ամսին։ Մասնակիցները լուսանկարում են պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները և ապա դրանք բեռնում Վիքիպահեստ։ Նպատակը մասնակից երկրներում ճարտարապետական հուշարձանների նկատմամբ հետաքրքրության հրավիրումն է։ «Վիքին սիրում է հուշարձաններ» մրցույթն առաջին անգամ կազմակերպվել է 2010 թվականին Նիդերլանդներում։ Հաջորդ տարի մրցույթն անցկացվել է եվրոպական ևս մի քանի երկրներում, և համաձայն Գինեսի ռեկորդների գրքի՝ այն ճանաչվել է ամենաշատ մասնակիցներով աշխարհի խոշորագույն լուսանկարչական մրցույթ։ 2012 թվականին մրցույթն ընդլայնվել է Եվրոպայի սահմաններից դուրս․ յուրաքանչյուր տարի մրցույթին մասնակցում են մոտավորապես 50 երկրի լուսանկարիչներ։